Ղազախստանի Ալմաթիքաղաքի վերաքննիչ դատարանի կոլեգիան անփոփոխ է թողել Ազգային մամուլի ակումբի նախագահ, Ղազախստանի Լրագրողների միության նախագահ Սեյթկազա Մաթաեւի համար որպես խափանման միջոց տնային կալանքն ընտրելու մասին Մեդեուսյան շրջանի դատարանի №2 որոշումը. նրան կասկածում են հափշտակումների եւ հարկերի վճարումից խուսափելու մեջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Մաթաեւի փաստաբան Անդրեյ Պետրովը: 

Այսպիսով, դատարանը մերժել է պաշտպանության բողոքը, որը խնդրում էր տնային կալանքը որպես խափանման միջոց փոխարինել գրավով ազատմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Դատարանը խափանման միջոցի վերաբերյալ  (տնային կալանքի տեսքով) շրջանային դատարանի որոշումը օրինական եւ հիմնավոր է համարել», — լրագրողներին ասել է Պետրովը դատական նիստի ավարտից հետո, որն ընթացել է փակ ռեժիմով: 

Ինչպես հաղորդվել է, Մաթաեւը ձերբակալվել էր 2016-ի փետրվարի 22-ին` Կոռուպցիայի դեմ պայքարի  ազգային բյուրոյի Ալմա Աթայի դեպարտամենտի կողմից առանձնահատուկ խոշոր չափի բյուջետային միջոցների հափշտակման եւ առանձնահատուկ խոշոր չափերի հարկերի վճարումից խուսափելու համար: 

Փետրվարի քսանչորսին դատարանը հավանություն էր տվել քննության միջնորդությանը եւ Մաթաեւին տնային կալանք է նշանակել: Դատարանը նրան արգելել է առանց դատական գործընթացը վարող մարմինների հետ նախնական գրավոր համաձայնեցման, շփվել քրեական գործի քննության մասնակիցների, ինչպես նաեւ այլ անձանց հետ,  բացառությամբ փաստաբանների: Մաթաեւին նաեւ արգելվել է փաստաբաններից բացի, որեւէ մեկին նամակ գրել կամ ստանալ, բանակցություններ եւ նամակագրություն վարել կապի որեւէ միջոցի, այդ թվում` համացանցի, բջջային կապի եւ քաղաքային հեռախոսի օգտագործմամբ: 

Խոսքի ազատության պաշտպանության միջազգային  «Ադիլ սոզ» (Ճշմարիտ խոսք) հիմնադրամի խոսքով, Սեյթկազա Մաթաեւի եւ նրա հետ գործով անցնող որդու` ԼազՏԱԳ լրատվական գործակալության ղեկավար Ասեթի հետապնդման իրական նպատակը,   «երկխոսության բաց հարթակի փակումն է, որպիսին հանդիսանում է մամուլի ակումբը, ԿազՏԱԳ-ի հրապարակումների բովանդակության նկատմամբ պետական գաղտնի վերահսկողության սահմանումը եւ Ղազախստանի լրագրողների միության ակտիվության նվազեցումը»: