Եվրամիության կողմից հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու որոշումը կարող է այդքան միանշանակ չլինել, որքան անհատական պատժամիջոցների դեպքում, գրում է Wall Street Journal թերթը։

Այն ժամանակ, երբ ԵՄ վերջին որոշումն ընդունվել է առանց քննարկումների, սպասելիքներ չկան, որ նույնը կլինի հակառուսական պատժամիջոցների դեպքում։ «Ընդ որում, բռնության մակարդակը Ուկրաինայի արեւելքում մի փոքր նվազել է, եւ Կիեւի ներսում անհանգիստ իրավիճակ է տիրում։ Այդ կապակցությամբ ԵՄ երկրների կառավարությունները հայտնել են, որ կցանկանային վերանայել տնտեսական պատժամիջոցները»,- գրում է թերթը։

Հաղորդվում է, որ մարտին ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ 2015թ. սեպտեմբերին ԵՄ-ն անհատական պատժամիջոցները երկարաձգել էր մինչեւ 2016թ. մարտի 15-ը։ Խոսքը 149 ֆիզիկական եւ 37 իրավաբանական անձանց ԵՄ տարածքում առկա ակտիվների սառեցման, այցելությունների արգելքի մասին է։ Դրանց թվում են ռուս գործարարներ եւ պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարության եւ աշխարհազորայինների ներկայացուցիչներ։