ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գոհ է «Սաուր» ընկերության կողմից ջրամատակարարման ոլորտում ծավալված երկկողմ գործակցությունից: Այս մասին նա նշել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության միջազգային գործառնությունների գծով նախագահի առաջին տեղակալ Միշել Ֆուրեի հետ հանդիպման ժամանակ:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը գոհունակություն է հայտնել ջրամատակարարման ոլորտում ծավալված երկկողմ գործակցությունից եւ կարեւորել նման խոշոր ընկերության ներկայացվածությունը Հայաստանում: Իր հերթին Միշել Ֆուրեն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը եւ նշել, որ «Սաուր» ընկերությունը հետաքրքրված է մեր երկրում գործունեությունը շարունակելու եւ ընդլայնելու հարցում:
Զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման բնագավառում հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր:




























