Մեծ Բրիտանիան հաստատել է Եվրամիության անդամությունից հնարավոր հրաժարման  վերաբերյալ հանրաքվեի ամսաթիվը` հունիսի 23-ը, հաղորդել է Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն:  

«Եվրոպայի գործերով նախարար Դեւիդ Լիդինգթոնը օրենսդրական փաստաթուղթ է ստորագրել հանրաքվեի անցկացման ամսաթվի մասին: Այսպիսով, Մեծ Բրիտանիան այդ հարցի վերաբերյալ կարծիք կհայտնի հունիսի 23-ին», — ասված է արտգործնախարարության հաղորդագրության մեջ: 

Նախօրեին ամսաթիվը հաստատել էր Բրիտանիայի խորհրդարանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացումն անցյալ տարի վարչապետ Դեւիդ Քեմերոնի նախընտրական խոստումներից մեկն էր: Միաժամանակ նա արտահայտվել է ԵՄ-ում երկրի անդամակցությունը պահպանելու օգտին, բայց` վերջինիս բարեփոխման պայմանով: Քեմերոնը պնդում է, որ նոր պայմաններ են անհրաժեշտ չորս ոլորտում` մրցակցության, ինքնիշխանության, սոցիալական քաղաքականության եւ տնտեսական կառավարման: Բրիտանիայի անդամակցության պայմաններում փետրվարի վերջին նրան հաջողվել է մի շարք փոփոխությունների հասնել: Վարչապետը հանրաքվեն «դարի արկածախնդրություն» է կոչել:

Քվեարկության կդրվի հետեւյալ հարցը. «Միացյալ Թագավորությունը պիտի մնա Եվրամիության անդա՞մ, թե՞ դուրս գա Եվրոպական միությունից»: