Միգրացիոն ճգնաժամի պատճառով Շենգեն գոտու ներսում սահմանների հնարավոր փակումը կարող է եվրոպական տնտեսությանը միլիարդավոր եվրոների վնաս հասցնել։ Այս մասին հայտնում է գերմանական Süddeutsche Zeitung-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի պատրաստած փաստաթղթի նախագիծը։

«Սահմանային հսկողությունը ոչ միայն քաղաքացիների կզրկի ազատ տեղաշարժի հնարավորությունից, այլ նաեւ վնաս կհասցնի ներքին շուկային։ Եվրահանձնաժողովը կարծում է, որ եվրոպական տնտեսության համար դա տարեկան կարժենա 7-18 մլրդ եվրո»,- գրել է թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ ամեն տարի մոտ 1.7 մլն ԵՄ քաղաքացի հատում է պետական սահմանը աշխատանքի գնալու համար։ Եթե վերահսկողությունը վերականգնվի, ապա դա եվրոպական բիզնեսին 2.5-4.5 մլրդ եվրոյի  վնաս կհասցնի։ Բացի այդ, կտուժեն նաեւ տրանսպորտային, տեղափոխության, զբոսաշրջային ոլորտները։ Եվրահանձնաժողովը պատրաստել է Շենգեն գոտու ներսում տեղաշարժի ազատ գոտու պահպանման պլանը, որպեսզի խուսափի նման սցենարից, գրում է թերթը։