Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի ղեկավարները հեռախոսային խորհրդակցության ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Եվրոպացի առաջնորդները հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինին կոչ են արել ազդել Սիրիայի իշխանությունների վրա՝ հակամարտության կարգավորման նպատակով։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Նրա խոսքով՝ բոլոր մասնակիցները համաձայն են, որ Սիրիայում քաղաքական գործընթացը պետք է սկսվի հնարավորինս շուտ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Մինչեւ վերջին պահը անհայտ էր, թե ով է լինելու 5-րդ մասնակիցը։ Այն, որ կմիանա Մատտեո Ռենցին, հայտնի էր դարձել ավելի ուշ։ Բանակցություններն ընթացել են մարտի 9-ին պլանավորված Ժնեւում միջսիրիական բանակցություններից մի քանի օր առաջ։