Հայաստանում ես բազում ընկերներ ունեմ, որոնց միշտ հիշելու եմ եւ ուրախ կլինեմ նոր հանդիպումների համար։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, որն ավարտում է առաքելությունը մեր երկրում։
Նրա խոսքով, Հայաստանում դիվանագիտական հանրությունը լավ ավանդույթ ունի. երբ ավարտվում է դեսպանների եւ տարբեր դիվանագիտական ներկայացուցիչների ծառայությունը Հայաստանում, դեսպանները փող են հավաքում եւ մեկնողների համար նվերներ են գնում:
«Երբ ինձ հարցրին, թե ինչ նվեր կուզեի, խնդրեցի ինձ տրամադրել հավաքված ոչ փոքր գումարը, որովհետեւ ցանկանում էի բարեգործության համար օգտագործել դա: Ես գիտեմ «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի մասին, որը ստեղծվել է 2009-ին ուռուցքային, հեմատոլոգիական եւ այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին օգնելու նպատակով: Հիմնադրամի գլխավոր նպատակը Հայաստանում երեխաներին օգնելն է, որ լիարժեք բուժում ստանան: Այդ հիմնադրամի պատվավոր նախագահը Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է: Ահա, ես որոշել եմ ինձ համար հավաքված 500 000 դրամը նվիրաբերել այդ հիմնադրամին: Եթե այդ նվիրատվությունն օգնի փրկել թեկուզ մի երեխայի կյանքը, դա արդեն լավ եւ բարի նպատակի կատարում է: Հույս ունեմ, որ մյուս դեսպանները կհետեւեն իմ օրինակին»,- նշել է Սորոկինը:





























