SOCAR-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Իրանից բնական գազ ստանալու անհրաժեշտություն այլեւս չի լինի։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի հետ մամուլի ասուլիսում։

Նախարարի խոսքով, վրացական կողմը Իրանի հետ զուգահեռ բանակցություններ էր սկսել, քանի որ Ադրբեջանից գազի առաքման տեխնիկական խնդիրների մասին էր խոսվում։

«Հանդիպում է եղել, քննարկել ենք, թե ինչպես է հնարավոր իրանական գազ ստանալը։ Տեսականորեն նման հնարավորություն կա, սակայն այսօր նման անհրաժեշտություն արդեն չկա։ Մենք համաձայնագիր ենք ձեւակերպել երկրի, ընկերության, ռազմավարական գործընկերոջ հետ, որը կապահովի բնական գազի առաքումը եւ շուկայի բավարարումը»,- նշել է Կալաձեն։

Նշենք, որ այսօր Թբիլիսիում համաձայնագիր է ստորագրվել, որով ավեալցվելու են բնական գազի առաքումները 500 մլն խմ-ով, իսկ սոցիալական եւ կոմերցիոն գազի գները նվազելու են։