Եվրամիությունն ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով եւս 16 մարդու եւ 12 ընկերություն: Կառույցն այսպես է արձագանքել Փհենյանի միջուկային փորձարկումներին եւ հրթիռի արձակմանը:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանձնարարել է երկրի միջուկային զենքը նախապատրաստել՝ ցանկացած պահի գործածելու համար: Ըստ ՌԲԿ-ի, նա հայտարարել է, որ Փհենյանը վերանայելու է իր ռազմական մարտավարությունը, որպեսզի պատրաստ լինի կանխարգելիչ հարված հասցնել:

Մարտի 2-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացված փաթեթ է ընդունել: Նոր սահմանափակումները ներառում են Հյուսիսային Կորեա ուղղվող եւ այնտեղից դուրս եկող բեռների պարտադիր ստուգում, զենքի եւ թեթեւ սպառազինությունների վաճառք եւ մատակարարում:

Փետրվարի կեսերին էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին օրենք է ստորագրել: