Արգենտինայում զինված խմբավորումը մի ամբողջ քաղաք է կողոպտել: Չորս հանցագործներ հարձակվել են քաղաքապետարանի, բանկի, փոստային բաժանմունքի, դատարանի եւ անգամ ոստիկանական բաժանմունքի վրա:

Հարձակման է ենթարկվել Սանտա Ֆե նահանգի Բերնարդո դե-Իրիգոյեն քաղաքը, որի բնակչությունը կազմում է 1800 մարդ:
Սկզբում կողոպտիչները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա եւ զինաթափել ոստիկաններին: Այնուհետեւ նրանք այցելել են բոլոր այն տեղերը, որտեղ կարող էր փող լինել՝ վերցնելով անգամ տեղի դատավոր Ռաուլ Բոնանսեայի դրամապանակը, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով El Heraldo-ն:

Դատավորի խոսքով, հանցագործների նպատակն էր կողոպտել մեկ մլն պեսո (65 հազար դոլար), որը նախատեսված էր կենսաթոշակների վճարման համար: Սակայն հանցագործների բախտըչի բերել, քանի որ բեռնատարները դեռ չէին հասցրել փողը փոստային բաժանմունք հասցնել: Հետեւաբար, նրանց «ավարը» կազմել է 250 հազար պեսո (մոտ 16 հազար դոլար):

Իրենց «սեւ գործն» անելուց հետո հանցագործները դիմել են փախուստի, ոստիկանությունը հետապնդել է նրանց, որի արդյունքում հանցագործներից մեկը սպանվել է, մյուս երեքին հաջողվել է թաքնվել փողերի հետ միասին: