ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Աշրաֆ Ղանի Ահմադզայը, տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությունն ամրապնդելու ուղիները, ինչպես նաեւ Աֆղանստանի բանակի ու ոստիկանության ամրապնդման խնդիրները: Այս մասին հաղորդում է Սպիտակ Տան մամուլի ծառայությունը:

Օբաման առանձնացրել է Աֆղանստանի հարեւանների հետ աշխատանքում նախագահ Ղանիի առաջնորդությունը, որի նպատակը տարածաշրջանային համագործակցությունն է եւ «Թալիբանի» հետ հաշտության գործընթացի առաջ մղումը:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել խորհրդակցություններ այս տարի եւ հայտարարել, որ մտադիր են օգտագործել Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ու Բրյուսելում նախարարական ժողովը՝ «Աֆղանստանում խաղաղության ու կայունության միջազգային  աջակցությունը հաստատելու համար»: