Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մտադիր չէ զուսպ լինել իր ելույթներում, ինչպես խորհուրդ են տալիս երկրի Սենատի անդամները: Այս մասին նա հայտարարել է ТВ Prima-ի եթերում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ չեխական խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամները ձայների մեծամասնությամբ որոշում են ընդունել, որում նախագահին խորհուրդ են տվել ավելի զուսպ լինել հրապարակային ելույթներում:

«Իհարկե՝ ոչ: Ես ընտրվել եմ քաղաքացիների ուղղակի քվեարկության արդյունքում, այլ ոչ Սենատի կողմից, այդ պատճառով պատասխանատու եմ քաղաքացիների առջեւ»,- ասել է Զեմանը:

Նա նաեւ մատնանշել է, որ Սենատի որոշման քվեարկությանը 81 անդամներից ընդամենը 35-ն է ներկա եղել, իսկ որոշումը հավանության է արժանացել մեկ ձայնի տարբերությամբ: