Եվրամիությունը չպետք է Թուրքիային միլիարդավոր եվրոներ տա, որպեսզի այն կարգավորի իր տարածքում միգրանտների հոսքերը, քանի որ չի ցանկանում եւ չի կարող ինչ-որ բան անել նրանց հետ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է ТВ Prima-ին տված հարցազրույցում:

Զեմանի խոսքով, ինքը սատարում է Եվրամիության արտաքին սահմանների արդյունավետ պահպանման գաղափարը: Բայց եթե այդ գաղափարի հետ ոչինչ չստացվի, ապա նա հունական սահմանների պաշտպանության կողմ կարտահայտվի:

«Միամտություն է ենթադրել, որ (ԵՄ երկրների կողմից մերժված) փախստականները կամավոր կվերադառնան բալկանյան երկրներ: Եվ այս տարի, ըստ ամենայնի, մեզ ոչ պակաս թվով միգրացիոն նոր հոսք է սպասվում»,- հայտարարել է Զեմանը:

Եթե Ավստրիայում առաջացած խնդիրների պատճառով փախստականների հոսքը Գերմանիա ուղղվի Չեխիայի հարավային հատվածով, Զեմանը երկրի սահմանների փակումը կապահովի ոստիկանության եւ բանակի ուժերով: