ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 19 տրլն դոլարը։ Այս մասին ասված է Ֆինանսների նախարարության փետրվարյա հաշվետվության մեջ։ Վերջին մի քանի տարում ԱՄՆ պետպարտքի շեմը կրկնակի մեծացել է, ինչը շատերը կապում են Բարաք Օբամայի նախագահության հետ։ Դաշնային պարտքի 37 տոկոսը «ուսանողական պարտքերն» են։ Դրանք վարկերն են, որոնք ուսանողները վերցնում են ուսման վարձը վճարելու համար, եւ կառավարական ծրագրի համաձայն՝ այդ վարկերը երաշխավորվում են Կառավարության կողմից։ Ուսանողները նշում են, որ իրենց այլ ելք չի մնում, քանի որ վերջին 30 տարում ուսման վարձը 225 տոկոսով թանկացել է։
Տնտեսագետ Մաքս Վոլֆի խոսքով՝ նման վարկերի հստակ քանակը նշել հնարավոր չէ, քանի որ դրանց 11 տոկոսի ժամկետը լրացել է, եւ դրանք դեֆոլտի վիճակում են։ Մասնագետները կարծում են, որ այդ փուչիկը կարող է պայթել եւ հանգեցնել հերթական ճգնաժամի։
Այս պահին ԱՄՆ պետական պարտքը արդեն հատել է տարեկան ՀՆԱ-ի շեմը, փոխանցում է VladTime.ru-ն։




























