Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն միջազգային հանրությանը եւ առաջին հերթին Եվրոպական Միությանը, ԱՄՆ-ին ու ԵՄ անդամ երկրներին կոչ է արել անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ ռուսական բանտում գտնվող ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին ազատ արձակելու ուղղությամբ:
Կոչում, մասնավորապես. Ասվում է.
«Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն միջազգային հանրությանը եւ առաջին հերթին Եվրոպական Միությանը, ԱՄՆ-ին ու ԵՄ անդամ երկրներին կոչ է անում՝
- անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ ՝ Ռուսաստանի Դաշնությունում անօրինական կալանքի տակ գտնվող Ուկրաինայի՝ VIII գումարման Գերագույն Ռադայի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ուկրաինայի մշտական պատվիրակության անդամ Նադեժդա Սավչենկոյին ազատ արձակելու ուղղությամբ:
- դատապարտել Ռուսաստանի գործողությունները եւ հարուցել քրեական գործ՝ Ուկրաինայի ինքնիշխան տարածքից Նադեժդա Սավչենկոյի առեւանգման եւ 2014 թվականի հունիսից Ռուսաստանի Դաշնությունում բռնի պահման փաստով:
- հիմնել Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակման միջազգային կոմիտե՝ բժիշկների, իրավապաշտպանների, հեղինակավոր հասարակական ու քաղաքական գործիչների ներգրավմամբ, ովքեր անդադար կհետեւեն նրա առողջությանն ու ապօրինի դատական գործընթացի զարգացումներին, կտեղեկացնեն միջազգային հանրությանը, միաժամանակ կհասցնեն ՌԴ իրավասու մարմիններին՝ Նադեժդա Սավչենկոյին անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակելու պահանջը»:
Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե.
Առուստամյան Գայանե– Երեւան, Հայաստան
Աֆրիկյան Կարինե– Լոս Անջելես, ԱՄՆ
Բարսեղյան Լեւոն– Գյումրի, Հայաստան
Գաբրելյան Հեղինե– Փարիզ, Ֆրանսիա
Եղիազարյան Բորիս–Կիեւ, Ուկրաինա
Մեհրաբյան Ռուբեն– Երեւան, Հայաստան
Հովհաննեսյան Զարուհի– Երեւան, Հայաստան
Սաքունց Արթուր Վանաձոր– Հայաստան
Շահնազարյան Դավիթ– Երեւան, Հայաստան
Հիշեցնենք, որ ուկրաինացի օդաչու, ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ձերբակալվել էր 2014թ. ամռանը: Ըստ Սավչենկոյի՝ իրեն առեւանգել են Ուկրաինայի տարածքում, տեղափոխել Ռուսաստան եւ հանձնել ուժային կառույցների ներկայացուցիչներին: Ըստ ռուսական վարկածի՝ օդաչուն ՌԴ-ում է հայտնվել որպես փախստական, որից հետո ձերբակալվել է: Նա մեղադրվում է լրագրողներ Իգոր Կորնելյուկի եւ Անտոն Վոլոշինի սպանության հանցակցության մեջ:
Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն ձերբակալված ուկրաինուհուն միջազգային անձեռնմխելիություն էր տրամադրել եւ ՌԴ-ին կոչ արել անմիջապես ազատել նրան:





























