Հայաստանի քաղաքացիները պահանջում են ազատ արձակել Ռուսաստանի Դոնեցկ քաղաքի բանտում պահվող՝ ուկրաինական բանակի սպա, երկու լրագրողի սպանելու եւ սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող Նադեժդա Սավչենկոյին: Երկու տասնյակ քաղաքացիներ այսօր՝ մարտի 8-ին, իրենց պահանջը բողոքի ակցիայով ներկայացրին ՌԴ դեսպանատան մոտ:
«Մեր կարծիքով սա ուղղակի խեղկատակություն է, անկախ նրանից՝ Սովչենկոյի մեղավորությունը կա, թե ոչ, միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայում եւ ռուսական դատարանները լիազորություն չունեն այդ գործը քննելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցների Դանիել Իոանիսյանը:
Դանիել Իոանիսյանի խոսքով՝ իրենք ցանկանում են Հայաստանի հասարակությանը ցույց տալ, որ Ռուսաստանն այն երկիրը չէ, որտեղ կարելի է արդարադատություն փնտրել եւ որ իրենք անտարբեր չեն տեղի ունեցածի վերաբերյալ:
Նադեժդա Սավչենկոյի լուսանկարներով պաստառները ակցիայի մասնակիցները տեղադրել են դեսպանատան առջեւ դրված փոստային արկղի մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինացի օդաչու, ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ձերբակալվել էր 2014թ. ամռանը: Ըստ Սավչենկոյի՝ իրեն առեւանգել են Ուկրաինայի տարածքում, տեղափոխել Ռուսաստան եւ հանձնել ուժային կառույցների ներկայացուցիչներին: Ըստ ռուսական վարկածի՝ օդաչուն ՌԴ-ում է հայտնվել որպես փախստական, որից հետո ձերբակալվել է: Նա մեղադրվում է լրագրողներ Իգոր Կորնելյուկի եւ Անտոն Վոլոշինի սպանության հանցակցության մեջ:
Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն ձերբակալված ուկրաինուհուն միջազգային անձեռնմխելիություն էր տրամադրել եւ ՌԴ-ին կոչ արել անմիջապես ազատել նրան:





























