Նախօրեին հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւս երկու ջոկատի հրամանատարների հետ, որոնք գործում էին Դամասկոսի նահանգում եւ ընդհանուր թվով մինչեւ 300 մարդ էին ընդգրկում, ասված է ռուսաստանյան Սիրիայի տարածքում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի տեղեկատուում, որը տեղադրված է ՌԴ Պաշտպանության նախարարության կայքում, հայտնում  է ՏԱՍՍ-ը: 

«Այսպիսով` հրադադարի պայմանների ընդունմանը եւ իրականացմանը իրենց հավատարմությունը հայտնած անօրինական զինված խմբավորումների թիվը հասել է 37-ի», - ասված է Կենտրոնի հաղորդագրության մեջ:

Անփոփոխ է մնացել այն բնակավայրերի թիվը` 42, որոնց ղեկավարների հետ հրադադարի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: «Համայի նահանգում նահանգապետի նախաձեռնությամբ եւ բնակչության լայն աջակցությամբ տեղի է ունեցել ժողովրդական հաշտեցման   մասնակիցների ժողով, - ասված է հաղորդագրության մեջ:  82 բնակավայր ներկայացնող ավելի քան 400 պատվիրակ հայտնել է ռազմական գործողությունների դադարեցման եւ ներազգային քաղաքական երկխոսության ձեւավորման միջոցով Սիրիայի ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին: