ԵՄ-ն բազմիցս աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի։ Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Անդրադառնալով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի՝ Երեւան կատարած այցի ընթացքում արած այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ որ ինքը պաշտպանում է մադրիդյան սկզբունքներն ու Մինսկի խմբի գործունեությունը, ՀՀ արտգործնախարարը նշել է, որ տիկին Մոգերինին եւս մեկ անգամ հաստատել է այդ դիրքորոշումը։ «Մենք միշտ բարձր ենք գնահատել ՄԽ համանախագահների ջանքերը։ Ցավոք, հակամարտող կողմերից մեկը այլ կարծիք ունի»։
«Նրանում, որ մինչեւ հիմա հարցին լուծում չի տրվել, մեղավոր չեն ո՛չ միջնորդները, ո՛չ Հայաստանը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորել խնդիրը համանախագահների առաջարկների հիման վրա։ Ադրբեջանը քննադատում է այդ առաջարկները եւ հենց համանախագահներին։ Բանն հասել է նրան, որ Բաքուն նրանց սկսել է մեղադրել իսլամաֆոբիայի մեջ՝ ասելով, թե իմաստ չունի նրանց հետ հանդիպել, քանի որ նրանք Հայաստանի վրա ճնշում չեն գործադրում։ Ըստ երեւույթին, Ադրբեջանում ճիշտ չեն հասկանում միջնորդների դերը։ Նրանց ջանքերը պետք է ուղղված լինեն առաջին հերթին երկխոսության հաստատմանը, հանդիպումների կազմակերպմանը, կողմերի դիրքորոշումների մերձեցմանը, այլ ոչ թե այս կամ այն կողմի վրա ճնշում գործադրելուն»,- ասել է Նալբանդյանը։
ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ Ղարաբաղի խնդիրը այն բացառիկ դեպքն է, երբ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ընդհանուր մոտեցում են ձեւավորել կարգավորման հարցում։ Նրանք կոնկրետ առաջարկներ են արել, որոնց հիման վրա կարելի է լուծել հակամարտությունը։ Այդ առաջարկները հնչել են Լեռնային Ղարաբաղի մասին 5 հայտնի հայտարարությունների միջոցով, որոնք արել են այդ երկրների նախագահները։ «Հայաստանը ողջունել է դրանք եւ նշել, որ դրանց հիման վրա պատրաստ է շարունակել բանակցությունները հակամարտության լուծում գտնելու համար։ Ադրբեջանը, սակայն, մինչեւ հիմա ձեւացնում է, թե այդ հայտարարություններն առհասարակ չեն հնչել։ Բանակցություններն այլընտրանք չունեն, եւ մենք համանախագահների հետ համատեղ ջանքեր ենք գործադրելու՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասել է նախարարը։





























