Բանգլադեշի ափերին կործանվել է 4 ռուսաստանցիների տեղափոխող ԱՆ-26 բեռնատար օդանավը։ Ավիավթարից զոհվել է առնվազն 1 մարդ, հայտնում է dnews24.com կայքը։

«Օդանավում եղած բոլոր 4 հոգին Ռուսաստանի քաղաքացիներ են»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ասլամ Հոսեյնը։

True Aviation ընկերության օդանավը կործանվել է տեղական ժամանակով ժամը 09։30-ին։ Այն ընկել է ծովը։ ԱՆ-26-ը ծովախեցգետիններ էր փոխադրում Կոկս Բազար եւ Ջեսոր քաղաքների միջեւ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երկու հոգու փրկել են տեղի ձկնորսները։ Փրկարարները նրանց հիվանդանոց են տեղափոխել։ Նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսի վիճակը ծայրահեղ ծանր է։

Մյուս 2 հոգու որոնումները շարունակվում են։