ԱՄՆ-ի կողմից ֆինանսական օգնություն պետք է տրվի ոչ թե իշխող ռեժիմին, այլ Հայաստանի ժողովրդին: Այս մասին նշված է «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին ուղղված բաց նամակում:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մենք՝ որպես ամերիկահայեր ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացումն օժանդակելու համար: Շնորհակալություն ենք հայտնում նաեւ Ձեզ՝ անձնական նախաձեռնություն ցուցաբերելու համար Հայաստանին մտահոգող այնպիսի կարեւոր հարցերում, ինչպիսիք են ազատ եւ արդար ընտրությունները, տնտեսական մրցակցությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը եւ կոռուպցիայի դեմ պայքարը:

Սակայն միեւնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ չնայած տարիների ընթացքում ԱՄՆ-ի եւ արտաքին այլ աղբյուրների կողմից տրամադրված զգալի օժանդակությանը, Հայաստանի ներկայիս եւ նախկին իշխանությունները լուրջ ջանքեր չեն գործադրել ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հաստատման համար: Անշուշտ, մենք անվերապահորեն խրախուսում ենք շարունակել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին: Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում ի հայտ եկած որոշ խնդիրներ, պատրաստակամություն ենք հայտնում օգնել բարելավել այդ հարաբերությունները եւ այդ նպատակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք կարեւոր դիտարկումներ:

Ինչպես քաջատեղյակ եք, այսօր Հայաստանում տիրող խորը կոռուպցիան վհատեցնում է երկիրը.

Լայնածավալ եւ համակարգային ընտրակեղծիքների պատճառով Հայաստանի քաղաքացիները փաստացիորեն զրկված են իրենց ղեկավարներին ընտրելու իրավունքից, որի արդյունքում Հայաստանը ղեկավարվում է չընտրված անձանց կողմից: Ավելին, Հայաստանի պատմության մեջ արձանագրված ամենախարդախ քվեարկություններից մեկը՝ 2015 թ. սահմանադրական հանրաքվեն շատերի կողմից համարվում է Սերժ Սարգսյանի շարունակական իշխանությունն ապահովելու միջոցառում:

Հայաստանի դատական համակարգի կոռուպցիան հայտնի է բոլորին, որի ապացույցն են հանդիսանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված տասնյակ դատավճիռներն ընդդեմ Հայաստանի: Այդ մասին նշվում է նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի «Հայաստան 2014 թ, մարդու իրավունքների զեկույց»-ում

Քաղաքական ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը գտնվում են հետապնդումների եւ բանտարկությունների սպառնալիքի տակ, իսկ քաղբանտարկյալների թիվը գնալով աճում է:

Բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են ԱՄՆ-ի եւ այլ արեւմտյան նվիրատուների կողմից ֆինանսական միջոցներ տրամադրվել Հայաստանի իշխանություններին՝ դրա փոխարեն ստանալով բարեփոխումների խոստումներ: Որպես կանոն այդ խոստումները չեն իրականացել, բայց դա իշխանությունների համար որեւէ բացասական հետեւանքներ չի ունեցել: Արեւմուտքի շարունակական ֆինանսական օգնությունը եւ ՀՀ իշխանությունների շարունակական ձախողումները հանգեցրել են ոչ միայն Հայաստանի քաղաքացիների իրենց իշխանությունների նկատմամբ ունեցած խորը հիասթափությանը, այլ նաեւ նրանց օտարել են արեւմտյան ժողովրդավարական արժեքներից: Հայաստանի քաղաքացիների համար տպավորություն է ստեղծվում, որ արեւմտյան տերությունների  եւ Հայաստանի ռեժիմի նման համագործակցությունից նրանք միայն կարող են տուժել:

Մենք գտնում ենք, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսական օգնություն տրամադրելու ցանկացած պարագայում պետք է ավելի խիստ պայմաններ դնի Հայաստանի իշխանությունների առջեւ՝ նրանցից պահանջելով պատասխանատվություն, թափանցիկություն եւ շոշափելի արդյունքներ: ԱՄՆ հարկատուները, որոնց մեջ են մտնում նաեւ շուրջ մեկ միլիոն հայեր, վրդովված կլինեին, եթե իմանային, որ իրենց հարկերից գոյացած պետական միջոցները անխելամտորեն տրվում են հայաստանյան կոռումպացված պաշտոնյաների: Վերջերս հակակոռուպցիոն նպատակներով Հայաստանի կառավարությանը տրամադրված 800 հազար դոլարը ակնառու օրինակ է, որտեղ ԱՄՆ հարկատուների դրամը կոռուպցիոն ռիսկի տակ է հայտնվել: Այստեղ մենք խորապես մտահոգված ենք հատկապես այն բանի համար, որ դրամաշնորհը տրամադրվել է Հովիկ Աբրահամյանին, ով հայտնի է որպես Հայաստանի ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը:

Հատկանշական է, որ Հովիկ Աբրահամյանը ԱՄՆ դեսպանատան զեկույցներում հիշատակվում է որպես «բռի նորահարուստ, որի քաղաքական գործունեությունը կապված է կեղտոտ փողերի հետ, ով չարաշահում է ադմինիստրատիվ ռեսուրսները եւ հայտնի է իր նենգամիտ պատեհապաշտությամբ՝ այսպիսով հանդիսանալով հայաստանյան քաղաքական մշակույթի վատթարագույն տեսակ»:

Մենք` որպես մտահոգված սփյուռքահայեր եւ միաժամանակ ԱՄՆ-ի հարկատուներ, ԱՄՆ պետդեպարտամենտից պահանջում ենք  չափազանց ուշադիր լինել Հայաստանի կոռումպացված պաշտոնյաներին Ամերիկայի հարկատուների դրամը տրամադրելիս: Մենք հավատացած ենք, որ ֆինանսական օգնություն պետք է տրվի ոչ թե իշխող ռեժիմին, այլ Հայաստանի ժողովրդին: Մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ԱՄՆ օգնությունը ուղղված լինի քաղաքացիական հասարակության զարցացմանը, ոչ կառավարական հակակոռուպցիոն կազմակերպությունների ստեղծմանը եւ հուսալքված քաղաքացիներին օժանդակելուն:

Ամփոփելով մեր ուղերձը՝ ուզում ենք հատկապես նախազգուշացնել, որ վերջին շրջանում քաղաքական անհանդուրժողականության աճի պատճառով Հայաստանը դեպի բռնապետություն տանելու վտանգավոր միտում է նկատվում: ԱՄՆ վարչակազմին հորդորում ենք ավելի մեծ ճնչում գործադրել իշխող ռեժիմին եւ պահանջել, որպեսզի անմիջապես դադարեցնեն քաղաքական հետապնդումները, ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին եւ հետեւողականորեն քննեն սահմանադրական հանրաքվեի անցկացումը եւ արդյունքները:

Հարգանքներով՝

Հայկական Վերածնունդ - Նյու Յորքի մասնաճյուղ

Հայկական Վերածնունդ - Լոս Անջելեսի մասնաճյուղ