Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հավատում է, որ այնուամենայնիվ հնարավոր կլինի իրականացնել «Հարավային հոսք» գազամուղի նախագիծը:
2014-ին Ռուսաստանը ԵՄ-ի ապակառուցողական դիրքորոշման հետեւանքով հայտնել էր «Հարավային հոսքից» հրաժարվելու մասին հօգուտ Թուրքիայի ուղղությամբ նոր գազատարի («Թուրքական հոսք»): «Հարավային հոսքը» պիտի անցներ Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի տարածքով: ԵՄ-ը հանդես եկավ գազատարի շինարարության դեմ, որովհետեւ, երրորդ էներգափաթեթի համաձայն, արգելված է, որ նույն ընկերությունը գազ արտադրի եւ տեղափոխի: ՌԴ-ն իր հերթին ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքին, որ գազատարի վերաբերյալ միջպետական համաձայնագրեր են կնքվել, որոնց կարգավիճակն ավելի բարձր է, քան էներգափաթեթինը, հետո էլ` դրանք կնքվել են մինչեւ փաթեթի ընդունումը:
«Ժամանակին ես «Թուրքական հոսքի» վերաբերյալ էլ ասացի, որ դա մեզ ոչինչ չի տալիս, չնայած գիտեի, որ այդ նախագիծը չի իրականանա: Խոսք կար նաեւ Բուլղարիայի տարածքով գազատարի մասին, բայց դա հազիվ թե Սերբիայով անցնի: Մնում է միայն «Հարավային հոսքը»` միակ նախագիծը, որը Սերբիային եկամուտ կբերեր: Կարծում եմ, ես երբեք չեմ կորցնի հույսը, որ մենք կկարողանանք իրականացնել այդ նախագիծը: Դատելով նրանից, թե իրավիճակն ինչպես է զարգանում ԵՄ-ում եւ որքան հաճախակի են նրանք խախտում սեփական պայմանավորվածությունները, սկսում եմ հուսալ, որ գուցե կհրաժարվեն իրենց սկզբունքներից, որոնք խանգարում են «Հարավային հոսքի» շինարարությանը: Մանավանդ որ ԵՄ-ի առնվազն յոթ-ութ պետություն ուղղակի օգուտ կունենար «Հարավային հոսքից» ասել է նա Մոսկվա իր այցի նախօրեին Sputnik գործակալությանը տված հարցազրույցում:
«Գուցե վաղ է արդյունքներն ամփոփելու համար, բայց Սերբիայի առումով «Հարավային հոսքի» չեղարկումը հետընթացի է հանգեցրել. դրա հետեւանքով նվազել են բյուջեի եկամուտները, իսկ դա անդրադառնում է աշխատավարձերի եւ թոշակների վրա: Մենք այդ ամենը կարող էինք փոխհատուցել Սերբիայով ռուսական գազի տարանցումից ստացվելիք եկամտով: Այժմ ամեն ինչ Եվրոպայից եւ Ռուսաստանից է կախված, թե ինչպես կզարգանան նրանց հարաբերությունները, բայց, իմ տիրապետած տեղեկությունների համաձայն, որոշ եվրոպական պետություններ դեմ կլինեն Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների ավտոմատ երկարաձգմանը, որովհետեւ դա նման է այնպիսի իրավիճակի, երբ իրար ջուրը փակում են եւ սպասում, թե ով առաջինը կմեռնի: Ռուսաստանյան տնտեսությունը չի վերականգնվի, եթե պատժամիջոցները չեղյալ չհամարվեն, բայց չի վերականգնվի նաեւ Եվրոպան», — կարծում է Նիկոլիչը:





























