ՀԱՊԿ որոշ երկրների դիրքորոշման կապակցությամբ ունեցած դժգոհության մասին  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն անհետեւանք չմնաց եւ դրական արդյունք տվեց։ Այս մասին մարտի 9-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, եթե հաշվի առնենք ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրավիճակը, ապա կարելի է խոսել դրական դինամիկայից։ «Իհարկե դա բավարար չէ։ Այն, որ խնդիրներ կան, հասկանալի է։ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստերի ժամանակ պաշտպանում են այն դիրքորոշումները, որոնք չեն բխում հենց կազմակերպության պաշտոնական դիրքորոշումից։ Մեզ համար անընդունելի է, երբ մեր դաշնակիցները պասիվ դիրքորոշում են ընդունում»,- ընդգծել է Շարմազանովը եւ նշել է, որ բնականաբար ոչ մի հարց մեկ օրում չի ընդունվում։ «Սակայն ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության նպատակահարմարությունը բխում է մեր պետության շահերից եւ արդարացված է։ Մենք մեզ ՀԱՊԿ լիիրավ անդամ ենք համարում։ Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի հետ մենք միշտ միասնական դիրքորոշում ենք ունեցել»,- հավելել է Շարմազանովը

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ մասնավորապես ղարաբաղյան հակամարտության հարցում ՀԱՊԿ մի շարք դաշնակիցների դիրքորոշումը, որն արտահայտվում է տարբեր միջազգային հարթակներում, չի համապատասխանում բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն, հակասում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններին եւ առաջարկներին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի ներսում ընդունած փաստաթղթերին։