Stratfor վերլուծական խմբի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը Business Insider-ին տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայում նոր պատերազմ բռնկվելու վտանգի մասին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ հակամարտության շուրջ կանխատեսումներ է արել։ Փորձագետի կարծիքով՝ իրավիճակը կարող է կտրուկ սրվել միջազգային հարաբերություններում առկա սկզբունքային հակասությունների պատճառով։

Ֆրիդմանը նշել է, որ եվրոպական երկրների միջեւ պատերազմի երկարատեւ բացակայությունը չի երաշխավորում, որ դրանք չեն բռնկվի նորից, փոխանցում է Lenta-ն։

«1815-1871թթ. Եվրոպայում պետությունների միջեւ որեւէ նշանակալի պատերազմ չի եղել։ Հետո բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը»,- նշել է Ֆրիդմանը։ Նրա խոսքով՝ մեր դարաշրջանում միջազգային հարաբերությունների ձեւափոխումը նույնպես կարող է հանգեցնել մեծ պատերազմի։ «Չի եղել ոչ մի հարյուրամյակ, երբ համակարգային չլինի պատերազմ, այնպիսին, որը կցնցի միջազգային հարաբերությունների համակարգը»,- նշել է նա։

Վերլուծաբանը հավանական է համարում պատերազմի բռնկումը Արեւելյան Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Խաղաղ Օվկիանոսում։ Առաջին երկու պատերազմները կարող են ծագել Լեհաստանի եւ Թուրքիայի աճի ու Ռուսաստանի հետ նրանց հնարավոր հակամարտության պատճառով, իսկ Խաղաղ Օվկիանոսում Ֆրիդմանը հավանական է համարում ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ ծովային պատերազմը։ Նրա կարծիքով վտանգ է ներկայացնում ոչ թե այս կամ այն երկրների զարգացման գործընթացը, այլ անկայունությունը, որն ուղեկցում է աշխարհում նոր դիրքորոշումների ձեւավորմանը։

Նշենք, որ Stratfor-ը մասնավոր հետախուզական-վերլուծական գործակալություն է, որը հիմնվել է 1996թ. ԱՄՆ-ում։ Այն հաճախ իր հետախուզական աղբյուրների վրա հիմնված  նյութեր է հրապարակում, սակայն միաժամանակ Stratfor-ի աշխատանքի որակը պարբերաբար քննադատության է ենթարկվում։