2016թ. բերքի գլոբալ կանխատեսումները աշխարհում բարենպաստ են, սակայն սովը սաստկանում է այն տարածաշրջաններում, որոնք տառապում են քաղաքացիական հակամարտություններից եւ երաշտից։ Այս մասին ասված է ՄԱԿ Պարենամթերքի եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) զեկույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Փաստաթղթում ասված է, որ 34 երկրներ, այդ թվում՝ 27 աֆրիկյան պետություններ, ներկայումս արտաքին պարենային օգնության կարիք ունեն, որպեսզի հաղթահարեն երաշտի, հեղեղների եւ քաղաքացիական հակամարտությունների հետեւանքները։

Իրաքում, Սիրիայում, Եմենում, Սոմալիում եւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում չդադարող հակամարտությունները հանգեցրել են գյուղատնտեսության  մեջ լուրջ կորուստների եւ հետագայում այդ երկրներում խորացրել են մարդասիրական ճգնաժամը։

FAO-ի տեղեկություններով՝ 2015թ. սննդամթերքի կրճատումները կարող են բացասաբար անդրադառնալ Հյուսիսային Կորեայում պարենամթերքի անվտանգության ոլորտի վրա, որտեղ ընտանիքների մեծ մասը արդեն սննդամթերքի պակաս է զգում։

Զեկույցը կանխատեսում է, որ Աֆրիկայի հարավում սաստիկ երաշտի պատճառով բերքը նկատելի կպակասի։ Բերքի պակաս է զգացվելու Մարոկկոյում եւ Ալժիրում։

Ընդհանուր առմամբ FAO-ի տեղեկություններով՝ 2016թ. ցանքի ժամանակաշրջանում Երկրի հյուսիսային կիսագնդում բերքի կանխատեսումները բարենպաստ են։ Սպասվում է, որ մասնավորապես ցորենի լավ բերք է սպասվում Ասիայի երկրների մեծ մասում։