Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները համատեղ պայքարի որոշակի պլան են մշակել այն խմբավորումների դեմ, որոնք դեմ են Սիրիայում խաղաղ կարգավորմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նրա խոսքով, այս համատեքստում Մոսկվան եւ Վաշինգթոնը համաձայնեցված կգործեն: «Այստեղ դրականն այն է, որ Ռուսաստան եւ ԱՄՆ գերտերությունները Սիրիայի վերաբերյալ որոշակի համաձայնության են եկել: Այդ համաձայնությունները դրսեւորվում են այդ հարցի վերաբերյալ բանակցությունների անցկացման մեջ, որոնց թվում են մարտի 9-ին Ժնեւում սպասվող բանակցությունները», - ասել է Գրիգորյանը: Մեծ հաշվով, շարունակել է արաբագետը, բանակցություններն ավելի շատ ուղղված են հասկանալու, թե ով կմիանա Սիրիայում հրադադարին, այսինքն ճգնաժամի խաղաղ կարգավորման կողմնակից կլինի: «Պայքարը շարունակվում է այն ուժերի դեմ, որոնք ներկայացված չեն լինի Ժնեւում եւ որոնք հանդես են գալիս զինված պայքարի օգտին», - հավելել է Սարգիս Գրիգորյանը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հայտնել էր, որ Սիրիայի ղեկավարության եւ ընդդիմության միջեւ միջսիրիական անուղղակի բանակցությունները Ժնեւում կսկսվեն մարտի 9-ին` օրվա երկրորդ կեսին: «Առաջին փուլում մենք կքննարկենք նոր կառավարության ստեղծումը, երկրորդում` նոր Սահմանադրության ընդունումը, երրորդում` 18 ամսում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացումը», - նշել է դե Միստուրան:




























