Բոլոր քաղաքագետները, փորձագետներն ու վերլուծաբանները վաղուց պետք է տարբերակեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերը: Դրանք առանձին կառույցներ են: Այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինի՝ «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» ռուսական պարբերականում հրապարակված հոդվածը:
Փորձագետի խոսքով, չնայած առաջին հայացքից հոդվածում Հայաստանի ԶՈՒ-ի մասին խոսվում է դրական համատեքստում, հետագա դիտարկման պարագայում, հաշվի առնելով սպառազինությունների մանրամասն թվարկումը, հարց է առաջանում. ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում հոդվածի հեղինակը:
«Իրեն հարգող որեւէ քաղաքագետ չի կարող արժանին չհատուցել հայկական բանակի ոգուն եւ պատրաստվածությանը: Սակայն փաստերի խեղաթյուրումը, մեղմ ասած, լավ չէ»,- նկատեց փորձագետը՝ հավելելով, որ Հայաստանի ԶՈՒ որեւէ ստորաբաժանում ներկա չէ եւ չի էլ կարող ներկա լինել ԼՂՀ տարածքում:
Ինչ վերաբերում է աղբյուրներին, որոնցից ռուսաստանցի քաղաքագետը քաղել է Հայաստանի եւ ԼՂՀ-ի սպառազինությունների մասին տվյալները. Արկադի Գրիգորյանի խոսքով, դրանց մեծ մասը բացահայտորեն հնացած աղբյուրներից են:





























