Խարդախության համար 6,5 տարի ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը պարզաբանել է, թե ինչու գործով գանգատը ՄԻԵԴ չի ուղարկել:
Պարզաբանման մեջ նա գրել է, որ Վոլոդյա Ավետիսյանի գործով պաշտպանության մարտավարությունը եւ դրա բոլոր կարևոր քայլերը նախապես համաձայնեցրել է ազատամարտիկի հետ, ինչպես նաև նրա գիտությամբ դրանց մասին տեղեկացրել է այդ գործով շահագրգիռ անձանց: Ինձ վրա որևէ մեկը որևէ ճնշում չի գործադրել Վոլոդյա Ավետիսյանի գործով ՄԻԵԴ գանգատ չներկայացնելու համար:
«Վոլոդյա Ավետիսյանին պարզաբանել եմ, որ ՄԻԵԴ 4-րդ դատական ատյան չէ, հետևապես չի կարող անձին ճանաչել անպարտ և արդարացնել, այլ իրավասու է միայն ճանաչել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատության պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտում կամ արձանագրել դրա բացակայությունը։ Վոլոդյա Ավետիսյանին պարզաբանել եմ նաև, որ ՄԻԵԴ կողմից արդար դատական քննության իրավունքի խախտումը ճանաչվելու դեպքում հնարավորություն կստեղծվի, որպեսզի ՀՀ Վճռաբեկ դատարանը վերանայի իր գործը։ Անշուշտ, Վոլոդյա Ավետիսյանի հետ քննարկել ենք թե ինչ հիմքերով և պահանջներով պետք է գանգատ ներկայացվի ՄԻԵԴ, սակայն ոչ նրան, ոչ էլ նրա գործով շահագրգիռ անձանց երբևէ չեմ հավաստիացրել ՄԻԵԴ մեծ հավանականությամբ կկայացնի Վոլոդյա Ավետիսյանի համար շահեկան որոշում։
Գանգատը ՄԻԵԴ չի ուղարկվել դրա համար սահմանված վեցամսյա ժամկետը բաց թողնելու հետևանքով: Այն պնդումները, որ ես դիտավորյալ չեմ ուղարկել և/կամ ժամանակ ձգձգելու նպատակով մոլորեցրել եմ Վոլոդյա Ավետիսյանին, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: Իրականությունն այն է, որ այլ գործերով ծանրաբեռնված լինելու պատճառով գանգատը կազմելու աշխատանքի վերջնական փուլը պլանավորել եմ կատարել դրա համար սահմանված վեցամսյա ժամկետի վերջին հատվածում: Սակայն կյանքի ցուցմամբ անհետաձգելի միջամտություն պահանջող ընտանեկան հանգամանքի պատճառով այդ ժամանակահատվածում չկարողացա հաղթահարել իմ աշխատանքային ծանրաբեռնվածությունը և դրանից առաջացած գերհոգնածությունը, ինչի հետևանքով ի վիճակի չեղա ժամանակին ավարտել գանգատը կազմելու գործը: Անշուշտ, այս պատճառը չի արդարացնում իմ կոպիտ բացթողումը, ինչի համար ցավում եմ, զղջում և պատրաստ եմ կրելու դրա բարոյական և մասնագիտական-կարգապահական հետևանքները: Գանգատը ՄԻԵԴ ներկայացնելու ժամկետը բաց թողնելուց հետո առանց Վոլոդյա Ավետիսյանին տեղյակ պահելու իմ նախաձեռնությամբ սկսել եմ անհրաժեշտ փաստաթղթեր կազմել Նախարարների կոմիտե դիմելու նպատակով, որպեսզի գոնե նրա իրավասությանը համապատասխան ստացվելիք խորհրդատվական եզրակացության ուժով հնարավոր լինի, պաշտպանել Վոլոդյա Ավետիսյանի իրավունքներն ու շահերը: Բարոյական առումով ծանր բեռ էի զգում ինձ վրա, ուստի մտածում էի Նախարարների կոմիտե դիմելուն պատրաստ լինելուց հետո Վոլոդյա Ավետիսյանին տեղեկացնել իմ այդ նախաձեռնության մասին: Մտածում էի, որ այդ կերպ փոքր-ինչ կմեղմեմ խղճիս վրա ծանրացած իմ սխալի հետևանքները: Դա է եղել պատճառը, որ գանգատն ուղարկելու ժամկետը բաց թողնելուց հետո անմիջապես չեմ տեղեկացրել նրան և խուսափել եմ դրա վերաբերյալ կոնկրետ պատասխաններ տալուց: Սակայն հետագայում հասկացա, որ մեկ սխալ գործելուց հետո երկրորդն եմ կատարում, դժվարությամբ հաղթահարեցի հոգեբանական արգելքներս և Վոլոդյա Ավետիսյանին ու նրա գործով շահագրգիռ անձանց տեղեկացրեցի կատարվածի մասին»,-գրել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի տնօրեն, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Փաստաբան Արա Զաքարյանի պատճառով է, որ ազատամարտիկ, խարդախության համար 6,5 տարի ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի բողոքը չի հասել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:





























