Փախստականների ճգնաժամը կարգավորելու հարցով ԵՄ-Թուրքիա վերջին գագաթնաժողովի ընթացքում համաձայնեցված պլանը խախտում է ՄԱԿ՝ Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիան, քանի որ Անկարան ի վիճակի չէ ներգաղթյալներին ապահովել այդ պայմանագրի նորմերով երաշխավորվող պայմաններով։ Նման կարծիք է հայտնել The Guardian թերթի տեսաբան Փաթրիք Քինգսլին։

Նրա կարծիքով՝ եվրոպացի առաջնորդները հիմա գիտակցաբար հրաժարվում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միգրացիոն ոլորտում ձեռք բերած առաջընթացից։ Հապճեպ որոշումների արդյունքում չմտածված քայլերը սպառնում են վերադարձնել անցյալ դարի 30-ական թթ. «էթնիկ աղետները», փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ միգրացիոն գործարքը դեռեւս հանգամանալից ուսումնասիրվում է, եւ արդյունքում կարող է եւ չկայանալ։ Այդուհանդերձ փախստականների հարցերով փորձագետները կարծում են, որ իր ներկայիս տեսքով այդ փաստաթուղթը խախտում է 1951թ. ՄԱԿ Կոնվենցիայի նորմերը»,- ասված է հոդվածում։

Թերթը նշում է, որ գործարքի համաձայն՝ ապագա փախստականներին «առանց տարանջատելու» ուղարկելու են Թուրքիա, մի երկիր, որտեղ նրանց մեծ մասը չի ունենա այդ Կոնվենցիայով երաշխավորվող պայմանները։ Դրանց թվում են աշխատանքը, կրթությունը եւ հաճախ նաեւ անվտանգությունը։