Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները ԻՊ ահաբեկչական խմբավորման շարքերում կռվող 22 հազար օտարերկրյա վարձկանների մասին տվյալներ են ստացել։ The Times-ի տեղեկություններով՝ այդ մասին տեղեկությունը իրենց տրամադրել է խմբավորման դասալիք մի գրոհային, որը ԻՊ ներքին ոստիկանության ստորաբաժանումից գողացել էր գաղտնի տեղեկություններով կրիչը։ Թերթի փոխանցմամբ՝ այս արտահոսքը գնահատվել է որպես ԻՊ-ի համար լրջագույն պարտություն, որը ճանապարհ է բացում դեպի Իրաքում եւ Սիրիայում նրանց ռազմական վիճակի մասին կենսականորեն կարեւոր տեղեկություններ։
Փաստաթղթերից պարզ է դառնում, որ ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում են ավելի քան 50 երկրների քաղաքացիներ։ Նրանցից ավելի քան 70 տոկոսը արաբական երկրներից են, իսկ Եվրոպայից ԻՊ-ն ամենից շատ զինյալներ է հավաքագրել Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից։
ԻՊ շարքերը համալրողները պետք է ընտրեին իրենց ապագա գործունեության բնույթը՝ նշելով, թե պատրաստ են արդյոք նրանք դառնալ մահապարտներ, զինվորներ, բանտերի վերակացուներ կամ այլ աշխատանք կատարել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
The Times-ը մեջբերել է International Corporate Protection ընկերության փորձագետի խոսքը, ով նշել է, որ այդ արտահոսքը ԻՊ-ի համար լուրջ հարված է։
«Նրանք գործելու են ճգնաժամային ռեժիմով, տագնապելու են այն կապակցությամբ, թե կոնկրետ ինչ կա այդ կրիչի վրա, եւ ինչպես դա կարող է խանգարել իրենց գործունեությանը»,- ասել է նա։





























