Մեծ Բրիտանիան պաշտպանում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը անհրաժեշտ չափանիշները պահպանելու պայմանով, սակայն մտադիր չէ չեղարկել վիզային ռեժիմը այդ երկրի հետ Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման շրջանակներում։

ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ասոցացման մասին համաձայնագիրը կնքվել էր 1963թ.։ Անկարան ԵՄ անդամակցության դիմում էր ներկայացրել 1987թ.։ Բանակցությունները սկսվել էին միայն 2005թ., սակայն դրանք բազմիցս փակուղի էին մտնում մի շարք տարաձայնությունների պատճառով, որոնցից գլխավորը Կիպրոսի հարցում Անկարայի դիրքորոշումն է։

«Ներկայիս կառավարությունը եւ նախկին ղեկավարությունը աջակցում են ԵՄ-ում Թուրքիայի անդամակցությանը անհրաժեշտ չափանիշները պահպանելու պայմանով»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը։

Միաժամանակ Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնը խորհրդարանում հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մաս չի կազմում, քանի որ Շենգեն գոտու անդամ չէ, ուստի Թուրքիայի քաղաքացիներին նախկինի պես վիզա է անհրաժեշտ։