100 LIVES նախաձեռնությունը եւ«Լրագրողների միջազգային կենտրոն» (International Center forJournalism, ICFJ) կազմակերպությունը  հիմնել են  լրագրողական նոր մրցանակ՝ ճանաչման արժանացնելու այն խիզախներին, որոնք լուսաբանում են աշխարհում տեղի ունեցող աղետներն ու ոճրագործությունները:

«Սկզբունքային լուսաբանում» մրցանակը տրվելու է այն խիզախ լրագրողներին, որոնք տեղեկատվություն են ապահովում աշխարհի ամենավտանգավոր կետերից՝ կարեւորելով մարդասիրության հիմնախնդիրները:

ICFJ կազմակերպությունը՝ «Ավրորա» մրցանակի հետ համագործակցությամբ, «Սկզբունքային լուսաբանում» մրցանակը կշնորհի 2016թ. ապրիլի 24-ին, Երեւանում՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում։

«Ավրորա» մրցանակը շնորհելով՝ 100 LIVES նախաձեռնությունը ճանաչման է արժանացնում մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար օգնում են մարդկանց։ Միանալով 100 LIVES նախաձեռնության «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիին՝ ICFJ կազմակերպությունը  Երեւանում կհայտարարի լրագրողական այս նոր մրցանակի հաղթողին։

«Չափազանց մեծ է այն  դերը, որ ժուռնալիստիկան ունի մարդկանց խնդիրները լուսաբանելու եւ մեղմելու գործում: Միջազգային լրագրողների՝ Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցածը լուսաբանելու պատրաստակամության եւ ջանքերի շնորհիվ՝ շատ- շատերը ոտքի ելան եւ միջամտեցին։ Նույն նվիրումը մենք այսօր տեսնում ենք Սիրիայում, Սուդանում եւ աշխարհի բազմաթիվ այլ վայրերում, ուր պատերազմ ու ավերածություններ են»,– ասել է 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

ICFJ կազմակերպությունը «Սկզբունքային լուսաբանում» մրցանակը շնորհելու է այն լրագրողին, որը դժվարին պայմաններում  բարձրացնում է մարդասիրության կարեւոր հիմնախնդիրները՝ ներկայացնելով վատագույն իրադրության մեջ գտնվողներինեւիր ազնիվ ու անաչառ լրատվությամբ ոգեշնչում է գործել հանուն մարդկանց փրկության։

«ICFJ կազմակերպությունը պատիվ ունի համագործակցելու100 LIVES նախաձեռնության հետ՝ նպատակ ունենալով կարեւորել այն լրագրողների գործունեությունը, որոնք աշխատում են աշխարհի ամենաթեժ կետերում: Մենք հպարտ ենք, որ կարող ենք այսպիսի նշանակալի ճանաչման արժանացնել լրագրողներին»,- նշել է ICFJ նախագահ Ջոյս Բարնաթանը։