Եվրամիությունը չպետք է Թուրքիայի համար հեշտացնի անցումը առանց վիզա ռեժիմին: Այս մասին հայտնել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Յոհաննա Միքլ Լյայթները «01» ռադիոկայանի եթերում՝ ԵՄ ներքին գործերի նախարարների բրյուսելյան խորհրդակցության նախօրեին, որը նվիրված է լինելու միգրացիայի հարցերին ու ահաբեկչության դեմ պայքարին: Նրա խոսքով Բրյուսելը պետք է Անկարային հետ գործարքում նախատեսի «պայմանագրի գործողության դադարեցման մասին կետ» Թուրքիայի կողմից պարտավորությունների խախտման դեպքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միքլ Լյայթները նաեւ նշել է, որ ընդհանուր առմամբ «շատ քննադատաբար» է վերաբերվում այդ մտահղացմանը: «Այս ամենը շատ կասկածահարույց է թվում, երբ Թուրքիան իր վերաահսկողության տակ է վերցնում ըննդդիմադիր թերթի կառավարումը եւ դրանից երեք օր անց այստեղ ( Բրյուսելում) սեղանին է դնում իր ցանկությունների ցանկը, իսկ դրանից հետո էլ դեռ խրախուսանք է ակնկալում՝ վիզային ռեժիմի դյուրինացման ձեւով: Նման պահերին ինձ մոտ հարց է ծագում՝ արդյոք մենք դեռ լուրջ ենք վերաբերվում մեր արժեքներին,թե՞ դրանք կարելի է դեն շպրտել»,- պարզաբանել է նա:

Նա շեշտել է,ո ր վիզաները վերացնելու ճանապարհին պետությունը պարտավոր է որոշակի պահանջներ կատարել: «Թուրքիայի համար չպետք է բացառություններ արվեն»,- վստահ է Միքլ Լյանթները: Ավելին, նա համարում է, որ եթե ԵՄ-ն ու Թուրքիան ի վերջո կարողանան համաձայնության հասնել փախստականների ճգնաժամի հարցում Անկարայի օգնության շուրջ՝ վիզային ռեժիմի դյուրինացման դիմաց, ապա Բրյուսելը պետք է «պարտադիր ամրագրի պայմանագրի գործողության դադարեցման մասին կետը», եթե թուրք գործընկերները չկատարեն իրենց պարտավորությունները: