Դժվարին առաքելություն է Շիրակի մարզպետ լինելը, քանի որ մարզում տակավին վերացված չեն երկրաշարժի ավերիչ հետեւանքները: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ հանդիպման ժամանակ նշել է

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակման առիթով շնորհավորեց մարզպետին եւ հաջողություններ մաղթեց նրա ծառայությանը: Նորին Սրբությունը հավելեց, որ դժվարին առաքելություն է Շիրակի մարզպետ լինելը, քանի որ մարզում տակավին վերացված չեն երկրաշարժի ավերիչ հետեւանքները:

Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ Միքայել Սրբազանը եւս մասնակից է մարզի բնակչության խնդիրների կարգավորմանն ուղղված սոցիալական ծրագրերին եւ իբրեւ «Գյումրին առանց տնակների» ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահ` իր աջակցությունն է բերելու Գյումրիի կարիքավոր ընտանիքներին:

Իր հերթին տիար Հովսեփ Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ավելի արդյունավետ կերպով կկարողանա կատարել իր պարտականությունները: Նա խոսեց նաեւ մարզպետարանի եւ թեմի միջեւ առկա ջերմ ու գործակցային հարաբերությունների մասին` պատրաստակամություն հայտնելով ըստ ամենայնի զորակցելու Հայ Եկեղեցու ազգանպաստ առաքելությանը:

Վերջում Նորին Սրբությունը Շիրակի մարզպետին մաղթեց Աստծու օրհնության ներքո փառքով եւ պատվով իրականացնելու իր ծառայությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի սոցիալական խնդիրներին, ինչպես նաեւ հոգեւոր կյանքին ու եկեղեցաշինության ծրագրերին: