Եթե Խաչատուր Սուքիասյանի, Գագիկ Ծառուկյանի վրա իշխանությունը ճնշում գործադրեր ու բիզնեսը չզարգանար, կասեիք՝ մարդկանց կործանում եք, չեք թողնում բիզնեսը զարգանա։  NEWS.am-ի  հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մարդկանց տարակուսանքին, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժման գլխավոր աջակիցներից մեկի՝ Խաչատուր Սուքիասյանի նորաբաց առեւտրի կենտրոնի բացմանը։

«Պետք է քաղաքական գործունեությունը բիզնեսից տարբերել։ Պարտադիր չէ, որ ճանաչված գործարարը լինի հմուտ քաղաքական գործիչ, այդտեղ որեւէ բավարար պայմաններ չեմ տեսնում։Կյանքը ցույց է տվել եւ որեւէ մեկը չի կարող ժխտել, որ  Ձեր նշած գործարարները բավականին  հաջողակ են, այլ խնդիր է, թե քաղաքական դաշտում նրանք ինչ հաջողություններ կարող են ունենալ, որովհետեւ սպեցիֆիկ է քաղաքական դաշտը։ Լավ կլինի, որ երկու երնեկը մի տեղ լինի ու գործարաները հաջողություն ունենան նաեւ քաղաքականության մեջ»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Իշխանությունների հրաժարականը պահանջող գործարարներ Խաչատուր Սուքիասյանի եւ Գագիկ Ծառուկյանի բարիդրացիական հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պայմանավորում է իշխանության մեծահոգությամբ։

«Քաղաքական հայացքների անհամաձայնություններ, հակասություններ ու բախումներ կլինեն, բայց տնտեսական դաշտում չեն կարող շարունակվել, դա գալիս է իշխանության մեծահոգությունից։ Քաղաքական դաշտում հակասություններից հետո  նախագահը եւ իշխանությունը հետամուտ չեն լինում նրանց տնտեսական գործունեության կործանմանը, նպաստավոր պայմաններ են ստեղծում, որպեսզի մարդիկ կարողանան իրենց տնտեսական գործունեությունը շարունակել, եւ մարդիկ տալիս են դրա գնահատականը՝ հայտարարելով, որ նորմալ հարաբերությունների մեջ են»,-նշեց Բաղդասարյանը:

Նա շեշտեց, որ նշված գործարարների համար մեծ պատիվ  է, որ իրենց միջոցառումների հրավերն ընդունում է Սերժ Սարգսյանը։

«Նախագահը կարողանում է բացատրել իր դիմացիներին իրողությունը եւ ազնիվ խոսակցություններ է ունենում նրանց հետ, եւ ես շատ ուրախ եմ, որ այդ գնահատականները լինում են փոխադարձ։ Վա՞տ է, որ լինում են քաղաքական վեճեր եւ հետո հաշտվում են՝ հասկանալով, որ թշնամությունը մշտական չէ։ Կային տարիներ, երբ որ քաղաքական հակասությունների պատճառով մարդիկ սնանկանում էին ու հանրապետությունից գնում»,-պարզաբանեց իշխանության ներկայացուցիչը։