KfW բանկի բնապահպանական ծրագրերի ղեկավար Անդրեաս Վետսելն այցելել է «Զանգեզուր կենսոլորտային համալիր»՝ ծանոթանալու Հայաստանի պահպանվող տարածքներում աջակցման ծրագրի իրականացման ընթացիկ վիճակին: Այս մասին հայտնում են բնապահպանության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ Վետսելը Հայաստանում է՝ նախարարության հետ իրականացվող Հայաստանի կենսաբազմազանության պահպանության եւ պահպանվող տարածքների աջակցության ծրագրերի շրջանակներում:
Վետսելը հանդիպել է նաեւ Սյունիքի մարզի վարչական պատասխանատուների, ՀՀ բնապահպանության նախարարության ծրագրեր իրականացման գրասենյակի ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ՝ գնահատելու համար համատեղ իրականացվող ծրագրերի առաջխաղացման արդյունքներն ու հեռանկարները:
Այցի շրջանակում Ա.Վետսելին ընդունել է նաեւ ՀՀ բնապահպանության փոխնախարար Խ.Հակոբյանը: Ողջունելով հյուրին՝ նախարարի տեղակալը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի բնապահպանության նախարարությունը բարձր է գնահատում KfW բանկի աջակցությունը Հայաստանում իրականացվող տարբեր բնապահպանական ծրագրերի իրականացման ֆինանսավորման եւ աջակցության ուղղությամբ: Տարիների համագործակցությունը դրական արդյունքներ է տվել՝ դինամիկ առաջխաղացում ապահովելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ պահպանության, կառավարման եւ կարողությունների զարգացման ուղղությամբ: Դրա վառ ապացույցն է, օրինակ, Արփի լիճ ազգային պարկի ստեղծումը: Ինչ վերաբերում է «Զանգեզուր կենսոլորտային համալիրին», ապա վստահ ենք, որ այս ծրագիրը եւս մոտ ապագայում կունենա իր ցանկալի արդյունքը»:
Ա.Վետսելը ներկայացրել է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» կատարած այցի դրական տպավորություններն ու հույս հայտնել, որ իրականացվող միջոցառումներն ու ներդրվող ռեսուրսները կարճ ժամանակ անց տեսանելի արդյունք կտան: Նա նաեւ կարեւորել է իրականացվող ծրագրերի անդրսահմանային նշանակությունը, ինչպես նաեւ պահպանվող տարածքների կենսաբազմազանության կայուն կառավարումն ու հարակից համայնքների տնտեսական առաջխաղացման վրա դրանց ունեցած ազդեցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկել են KfW բանկի կողմից ֆինանսավորվող հիմնադրամների գործունեությանն առնչվող որոշ հարցեր:





























