ՆԱՏՕ-ն ավելացրել է Էգեյան ծովում միգրացիայի մոնիթորինգով զբաղվող իր նավատորմը՝ նավերի թիվը հասցնելով հինգի: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտոնբերգը:
«Մենք նավերի թիվը հասցրել ենք հինգի եւ շարունակելու ենք ավելացնել: Գործողությանը կմասնակցեն նաեւ ուղղաթիռներ»,- նշել է նա:
Ըստ ՏԱՍՍ-ի, նախապես փետրվարի 12-ին Էգեյան ծով էր ուղարկվել ՆԱՏՕ-ի Երկրորդ ռազմածովային խումբը՝ կազմված չորս նավից. կանադական, թուրքական, հունական եւ գերմանական:
Ստոլտենբերգը նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ի սահմանային վերահսկողության «Ֆրոնտեքս» գործակալությունը «իրական ռեժիմով տեղեկություններ են փոխանակում Էգեյան ծովում միգրացիոն հոսքերի մոնիթորինգի վերաբերյալ»:





























