Իսպանական կուսակցությունների մեծ մասը հայտարարել է, որ չի սատարում ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ միգրացիոն համաձայնագիրը, որը կոչված է վերջ դնել «բալկանյան երթուղով» դեպի Եվրամիություն ուղղվող ապօրինի միգրանտների հոսքին: Նրանք երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մարիո Ռախոյին կոչ են արել չստորագրել այն:

Եվրամիության 28 երկրների առաջնորդներն ու Թուրքիայի վարչապետն այս շաբաթ համաձայնեցրել էին միգրացիոն համաձայնագրի վեց կետերը: Ակնկալվում է, որ այն վերջ կդնի Մերձավոր եւ Միջին Արեւելքից «բալկանյան երթուղով» Եվրամիություն ուղղվող ապօրինի միգրանտների հոսքին եւ թույլ կտա վերականգնել Շենգենյան համաձայնագրի գործողությունը հենց միավորման ներսում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ծրագրի համաձայն, Թուրքիան հետ կընդունի ԵՄ-ում հայտնված ապօրինի միգրանտներին՝ յուրաքանչյուրի փոխարեն Եվրամիություն ուղարկելով սիրիացի փախստականի: Մարտի 17-18-ին նախանշված գագաթաժողովում նախատեսվում է ամփոփիչ համաձայնագիր կազմել: