Boeing ավիաշինական կոնցեռնը չի հրաժարվում ինչ-որ երկրի պատվիրատուների հետ աշխատելուց։ Այս մասին NEWS.am-ի թղթակիցն հայտնել է Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում Boeing-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ելենա Ալեքսանդրովան։

Անդրադառնալով հարցին, թե պատրաստ է արդյոք Boeing-ը աշխատել նոր հայկական ավիաընկերության հետ՝ հաշվի առնելով, որ 2003թ.-ից Հայաստանի 2 ավիաընկերություն արդեն սնանկ է ճանաչվել, իսկ մեկն էլ հույս ունի սկսել աշխատանքները, սակայն բարդ ֆինանսական դրության մեջ է, Ալեքսանդրովան պատասխանեց. «Ավիաընկերություններն իրենց գործունեությունը ծավալում են դինամիկ փոխվող աշխատանքային միջավայրում եւ մշտապես փոփոխության եւ դինամիկ զարգացման կարիք ունեն։ Boeing-ը մշտական շփումների մեջ է ողջ աշխարհի պատվիրատուների հետ եւ  համատեղ աշխատանք է տանում դրանց առեւտրային գործունեության եւ պարկերի պահանջների պլանները օպտիմալ կերպով աջակցելու համար»։

Նշենք, որ «Արմենիա» ավիաընկերությունն իր առաջին չվերթը կիրականացնի ապրիլի 21-ին։ Այս պահին ընկերությունն ունի 3 օդանավ, իսկ մինչեւ տարեվերջ դրանց թիվը կհասցնի 8-ի։