Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը օրենք է ընդունել, որն իրավապահ մարմիններին թույլ է տալիս խոցել կասկածելի անհայտ անօդաչու սարքերը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը։

Փաստաթուղթը դրվել է ներքին պալատի քննարկմանը, որտեղ այն ենթադրաբար վերջնական հավանություն կստանա եկող շաբաթ։

Նշենք, որ սա Ճապոնիայի իշխանությունների առաջին քայլը չէ ավիացիոն անվտանգության ապահովման հարցում։ Դեռ անցյալ տարվա օգոստոսին փոփոխություններ էին ընդունվել, որոնց համաձայն՝ խիտ բնակեցված շրջաններում եւ օդանավակայանների մոտակայքում անօդաչուների թռիչքներն արգելվում են։ Դրանց թռիչքներն արգելված են նաեւ գիշերային ժամերին, եթե չկա իշխանությունների համապատասխան թույլտվությունը։

Ճապոնիայում անօդաչուների նկատմամբ լուրջ հսկողություն էր սահմանվել այն բանից հետո, երբ անցյալ տարի թույլ ռադիոակտիվ պատիճով եւ ծխային ռումբերով անօդաչու սարքը Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայից անարգել հասել էր վարչապետ Սինձո Աբեի քարտուղարության շենք ու իջել տանիքին։ Հետագայում պարզվել էր, որ անօդաչուն բաց էր թողել երկրում ատոմակայանների մոլի ընդդիմադիրներից մեկը։