ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Մարկո Ռուբիոն կոչ է արել Կուբայում ռադիոէլեկտրոնային հետախուզական կենտրոնից «դուրս հանել» ռուսներին եւ չինացիներին։ Այս մասին նա հայտնել է Հանրապետական կուսակցության թեկնածուների միջեւ քննարկումների ժամանակ։
Նախընտրական քննարկումների ժամանակ հաղորդավարը Դոնալդ Թրամփին հարցրել է, թե նա կշարունակեր արդյոք Բարաք Օբամայի քաղաքականությունը Կուբայում, մասնավորապես կփակեր արդյոք, թե կբացեր այդ երկրում ԱՄՆ դեսպանատներ։ «Ես միգուցե փակեի դեսպանատունը, քանի դեռ ԱՄՆ-ը Կուբայի հետ շահավետ գործարք չի կնքել»,- մեջբերում է Թրամփի խոսքը Vox-ը։
Ռուբիոն, իր հերթին կարծիք հայտնելով այդ հարցի կապակցությամբ, նշել է. «Ես գիտեմ, թե ինչ է նշանակում շահավետ գործարք. Կուբան ազատ ընտրություններ է անցկացնում, Կուբան դադարում է կարծիք արտահայտելու համար մարդկանց բանտարկել, Կուբան մամուլի ազատություն է սահմանում, Կուբան ռուսներին վռնդում է Լուրդեսից (Հավանայի արվարձան), ինչպես նաեւ վռնդում է չինացիներին Բեխուկալից (այս քաղաքում է արբանյակային կապի կենտրոնը, որն օգտագործում է Չինաստանը)»։
Նա նաեւ նշել է, որ Կուբան պետք է դադարի օգնել Հյուսիսային Կորեային, փոխանցում է ՌԲԿ-ն։





























