Եվրոպայում В61-12 նոր ամերիկյան ավիառումբեր տեղակայելու դեպքում Ռուսաստանի արձագանքը համաչափ է լինելու։ Մոսկվայի պատասխանը կորոշվի բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրելու արդյունքում։ Այս մասին «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Սպառազինությունների չտարածման եւ վերահսկման դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից միջուկային զինանոցը մոդերնիզացնելու մասին տեղեկությունները։ Դիվանագետի խոսքով՝ Վաշինգթոնում պարբերաբար նշում են, որ ավիառումբի նոր տարբերակը, ունենալով ավելի բարձր ճշգրտություն, ավելի պակաս ավերիչ կլինի։ Ուլյաոնվը նշել է, որ այդ փաստարկը Մոսկվայի  մոտ «լուրջ կասկածներ» է առաջ բերում, քանի որ մոդերնիզացումը փաստացի այդ ավիառումբերը զսպման դասից տեղափոխում է մարտի դաշտի զենքի դաս։

«ԱՄՆ-ը ջանում է տպավորություն ստեղծել, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա։ Իրականում դա այդպես չէ։ Նոր ավիառումբերի բնութագրերի վերլուծությունը վկայում է, որ դրանցով զինանոցը համալրելը կարող է էապես իջեցնել միջուկային զենք կիրառելու շեմը»,- ասել է դիվանագետը։

Նշենք, որ 2015թ. սեպտեմբերին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ԱՄՆ-ը պլանավորում է Եվրոպայում В61-12 մոդերնիզացված միջուկային ավիառումբեր տեղակայել։ Ավելի ուշ Վաշինգթոնը հայտնել էր, որ В61-12-ի սերիական արտադրությունը կսկսվի 2020թ. ոչ շուտ։