ԱՄՆ-ում դատաբժշկական փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Ռուսաստանի տպագրության նախկին նախարար Միխայիլ Լեսինի մահվան պատճառը գլխի վնասվածքներն էին, այլ ոչ է կաթվածը, ինչպես մինչ այդ էր ենթադրվում:

Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» վաշինգթոնյան թղթակցին հայտնել է Վաշինգթոնի դատաբժշկական փորձաքննության գրասենյակի հաղորդակցության հարցերով տնօրեն Լաշոն Բիմոնը:

Նրա խոսքով Լեսինը նաեւ ստացել էր վզի, իրանի եւ վերին ու ստորին վերջույթների վնասվածքներ, որոնք բութ առարկաներով էին հասցվել:

Բայց պարզ չէ, թե ինչպես է նա ստացել այդ վնասվածքները, ասված է ոստիկանության ու դատաբժշկական փորձագետի համատեղ հայտարարության մեջ:

Մոսկվայից հայտարարել են, որ բացատրություններ ու պաշտոնական տվյալներ են սպասում Վաշինգթոնից՝ Լեսինի մահվան հանգամանքների մասին եւ մտադիր են ամերիկյան կողմին միջազգային իրավական օգնության մասին հայտ ուղարկել:

Լեսինին Վաշինգթոնի Dupont Circle հյուրանոցում մահացած էին գտել անցած տարվա նոյեմբերին, անմիջապես այն բանից հետո, երբ նա հեռացել է Կրեմլի մեդիա քարոզչության համակարգում զբաղեցրած առաջատար պաշտոններից:

Երկու ամիս առաջ The Daily Beast պարբերականում հոդված էր հրապարակվել, ըստ որի «Լեսինն անկասկած շար բան կարող էր պատմել Պուտինի մտերիմ շրջապատի մասին»՝ դրա դիմաց պահանջելով պահպանել իր սեփականությունը ԱՄՆ-ում:

1999-2004 թթ. Լեսինը եղեկ է ՌԴ տպագրության, հեռուստառադիոհաղորդակցության ու զանգվածային հաղորդակցությունների միջոցների նախարարը, իսկ 2013-2014թթ «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ընկերության կառավարման նախագահն ու գլխավոր տնօրենը: