Հայաստանում մարտի 20-ին մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ինչպես յուրաքանչյուր տարի, Հայաստանը պատրաստվում է տոնել մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը:

2016թ. Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ շուրջ երկու ամիս շարունակ՝ մարտին եւ ապրիլին, Երեւանում եւ Հայաստանի մի շարք մարզերում տեղի կունենան շուրջ 600 ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական եւ հանրակրթական միջոցառումներ: Սա բացառիկ ցուցանիշ է, որ երբեւէ գրանցվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում:

Միջոցառումներ են անցկացվելու մի շարք թանգարաններում, գրադարաններում, համալսարաններում, հանրակրթական, արվեստի ու երաժշտական դպրոցներում՝ ներգրավելով նաեւ երիտասարդությանը:

Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունն են բերել ՀՀ մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունները, Երեւանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները եւ Հայաստանի համայնքների միությունը:

Հարկ է նաեւ նշել, որ երկամսյակի հագեցած ծրագրի ապահովման գործում իրենց զգալի ներգրավվածությունն են ունեցել Ֆրանկոֆոնայի միջազգային կազմակերպության անդամ եւ դիտորդ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Կանադայի եւ Լիտվայի դեսպանությունները՝ կազմակերպելով այս առիթով բազմազան միջոցառումներ: