Հոլանդահայ գործարարներ Արամ Հայկազին եւ Երվանդ Հայկազին ցանկություն են հայտնել երկարաժամկետ ծրագրեր իրականացնել Հայաստանում. Այդ մասին նրանք նշել են այսօր՝ մարտի 11-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայ գործարարները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում երկարաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնելու եւ, մասնավորապես, կաշվեգործության ոլորտում ներդրումներ կատարելու հարցում:

Վարչապետը ողջունել է հոլանդահայ գործարարների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը եւ  նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական ակտիվության աճին եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Հանդիպմանը քննարկվել են կաշվեգործության ոլորտում ներդրումային ծրագրի իրագործմանը վերաբերող մի շարք հարցեր: