Քեմբրիջի դքսուհի Քեթրինին քննադատել են պարկամկան մորթով թաթմանների համար, հայտնում է E! Online-ը: Նախկին միսս Միդլթոնի հասցեին բացասական մեկնաբանություններով հանդես է եկել բրիտանական «Մարդիկ հանուն կենդանիների հանդեպ էթիկական վերաբերմունքի» հասարակական կազմակերպությունը (PETA U.K.), հայտնում է Gazeta-ն:
Վերջերս արքայազն Ուիլյամն ու իր կինը` Քեթրինը լուսանկարներ էին հրապարակել, որոնք արվել էին ֆրանսիական Ալպերում հանգստի ընթացքում: PETA U.K.-ի ներկայացուցիչներին դուր չի եկել, որ դքսուհին պարկամկան մորթով Restelli Guanti թաթմաններ է հագել:
Եթե աքսեսուարն իրոք բնական մորթուց է պատրաստված, PETA U.K.-ն կդիմի Քեյթին, որը, ինչպես հույս ունեն կազմակերպությունում, տեղյակ չէ պարկամկների որսի դաժան մեթոդների մասին: PETA U.K.-ից նաեւ նշել են, որ այժմ մատչելի են շատ «մարդասիրական, տաք եւ նորաոճ գործվածքներ»:
Առկա տվյալների համաձայն, այդ թաթմանները դքսուհու զգեստապահարանում են առնվազն 2008 թվից ի վեր: Աքսեսուարի ներկայիս տարբերակն արժե 420 դոլար:



























