«Շատ քաղաքական ուժերի շրջանում թեւածում է այն միտքը, որ հնարավոր չէ համախմբումներ լինեն միասնական կարգով, համամիտ չեմ եւ ասում եմ՝ այո, հնարավոր է»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ անդրադառնալով Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, որ  իր համախոհների հետ  ակտիվորեն ներգրավվելու են ինչպես օրենսդրական քննարկումներում, այնպես էլ բուն ընտրական գործընթացներում` որպես հիմք ընդունելով հասարակական-քաղաքական լայն համախմբման միջոցով երկրում դրական փոփոխությունների հասնելու սկզբունքը։

«Այն միտքը, որ  թեւածում է շատ քաղաքական ուժերի մոտ, թե Հայաստանում հնարավոր չէ համախմբվել միասնական օրակարգի շուրջ, ես ասում եմ՝ հնարավոր է, ուղղակի ճիշտ ձեւակերպելու  դեպքում»,-ասաց Ստեփան Մարգարյանը։

Պատգամավորը հստակ չնշեց՝ Օսկանյանի հայտարարությունը կուսակցություն ստեղծելու մեկնա՞րկն էր, թե՞ ոչ, սակայն ակնարկեց, որ ընտրական գործընթացներին մասնակցելու համար բնականաբար ճանապարհը քաղաքական ուժի միջոցով է։ 

«Ես կնախտընտրեի, որ Օսկանյանն ինքը պատասխաներ այդ հարցին։ Բնականաբար, Ընտրական օրենսգիրքը բացի քաղաքական ուժից, այլ մեխանիզմ չի նախատեսում ընտրություններին մասնակցելու առումով»,- ասաց նա։