Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը, գյուղական համայնքների զարգացման պետական ծրագրի շրջանակում, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքին է տրամադրել ռուսական արտադրության «Նիվա էֆեկտ» մակնիշի հացահատիկահավաք  կոմբայն: 2014 թ.-ից մինչեւ հիմա ընդհանուր առմամբ՝ ՓՄՁ ԶԱԿ-ը Հայաստան է ներմուծել ռուսական արտադրության 12 կոմբայն:

2014-2015թ. ՓՄՁ ԶԱԿ-ը ներմուծել եւ Գեղարքունիքի մարզի Գանձակ, Սոտք, Կարճաղբյուր եւ Վարդաձոր, Ծովինար, ինչպես նաեւ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր, Սեւ քար, Լոռու մարզի Վարդաբլուր, Վայոց Ձորի մարզի Գնդեվազ, Արագածոտնի մարզի Մաստարա,   համայնքներին է տրամադրել  «Նիվա էֆեկտ» հացահատիկահավաք կոմբայն: Կոմբայնները համայնքներին են տրամադրվում լիզինգով կամ ուղղակի վաճառքով:

Կոմբայնների շահագործումը զգալիորեն կթեթեւացնի համայնքների գյուղատնտեսական աշխատանքի կազմակերպումը:  Կոմբայնների գինը 27,500,000 դրամ է: Կոմբայնները տրամադրվում են արտոնյալ պայմաններով` 10 տարի մարման ժամկետով, 12 % տարեկան տոկոսադրույքով, 20 % կանխավճարով:

2013թ. սկսած մինչեւ հիմա Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը գյուղական համայնքների զարգացման պետական ծրագրի շրջանակում Բեռալուսից եւ Ռուսաստանից ներմուծել եւ ֆերմերային տնտեսություններին է տրամադրել 304 միավոր գյուղտեխնիկա, ինչպես նաեւ` 145 միավոր կից սարքավորում: Դրանց ընդհանուր արժեքն է 2,559,975,000 դրամ: Գյուղտեխնիկայից  292-ը բելառուսական МТЗ 82.1 մակնիշի տրակտոր է, իսկ 12-ը` Ռուսաստանի արտադրության «Նիվա էֆեկտ» հացահատիկահավաք կոմբայն: ՀՀ կառավարության եւ տեխնիկան արտադրող ընկերությունների միջեւ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել գյուղտեխնիկան հայաստանցի ֆերմերներին տրամադրել արտոնյալ պայմաններով:

Նոր գյուղտեխնիկայի օգտագործումը կարդիականացնի եւ նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանում գործող տեխնիկայի պարկը` նպաստելով նաեւ գյուղմթերքի արտադրության արդյունավետության բարձրացմանը: Տրակտորների, դրանց հարակից տեխնիկայի եւ կոմբայնների դրական ազդեցությունը մեր երկրի գյուղատնտեսության վրա կզգացվի առաջիկայում: