Երեւանի փոքր կենտրոնում չի կարելի ամեն քայլի բարձրահարկ շենքեր կառուցել։ Այս մասին համապատասխան դրույթ է պարունակում «Երեւանի փոքր կենտրոնի շինարարության մասին» օրինագծում, որը մարտի 11-ին ներկայացվել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նիստում։ Որոշում է կայացվել քննարկումը շարունակել։

Որպես փոքր կենտրոն է նշված Ալեքսանդր Թամանյանի 1924թ. գծագրած գլխավոր պլանի տարածքը եւ դրան հարող Հրազդանի կիրճի գոտին։  Քաղաքի կենտրոնի քաղաքաշինական ռազմավարությունը կհաստատի Կառավարությունը։ Դրանում, ի թիվս այլ բաների, պետք է պատմական հուշարձանների գոտիներում շինարարության սահմանափակումներ մտցվեն։ Օրինագծում ասված է նաեւ գերակա հանրային շահի մասին, որի քողի ներքո քաղաքի կենտրոնի բնակիչներից վերցրել են տները։

Ռազմավարության մեջ պետք է տարածքներ հատկացվեն, որոնց սահմաններում պետք է ընդունվի գերակա հանրային շահը։ Այդուհանդերձ սահմանված կարգով գերակա շահը կարող է ճանաչվել նաեւ այլ տարածքների նկատմամբ։