Բուհերի ապաքաղաքականացման հարցը հնարավոր է լուծել միայն օրենսդրական նախաձեռնություններ մտցնելով: Այդ մասին մարտի   11-ի մամուլի ասուլիսին հայտնել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է ապաքաղաքականացնել բուհերը, երբ դրանց խորհուրդների ներկայացուցիչները բարձրաստիճան պաշտոնատար անձինք են` նախագահը, վարչապետը եւ ուրիշներ:   

Նախարարի խոսքով, եթե երկրում պետական համալսարան կա եւ այլն, ուրեմն խորհուրդների նախագահ լինում են առաջին դեմքերը, իսկ որոշ պետություններում` միապետական անձինք:  «Դա արվում է ընդգծելու տվյալ ուսումնական հաստատության համապետական նշանակությունը: Երեւանի պետական համալսարանը մեր ազգային  հարստությունն է, եւ հենց այդ պատճառով Հայաստանի նախագահը խորհրդի նախագահն է», - ասել է Մկրտչյանը:

Միաժամանակ նա ընդունել է, որ անհրաժեշտ է բարենորոգել կրթության ինքնակառավարման համակարգը, իսկ դա հնարավոր է միայն օրենսդրության փոփոխման միջոցով: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ մոտ ժամանակներս բուհերի ուսանողական խորհուրդներում ՀՀԿ-ի երիտասարդական թեւի ներկայացուցիչների հետ մեկտեղ ՀՅԴ-ի երիտասարդական թեւի ներկայացուցիչներ հայտնվեն, Լեւոն Մկրտչյանը նշել է, որ այդ հարցը եւս կախված է տվյալ ուսումնական հաստատության ինքնուրույնությունից:  «Եթե ուսանողները թույլ տան այնպիսի խորհուրդ ընտրել, որը  կրթության հետ ոչ մի կապ չունի, ուրեմն պատկերացում չունեն, թե որտեղ են գտնվում եւ ով են: Համալսարանն ինքը պիտի որոշի ուսանողական խորհրդի ձեւավորման կարգը, որը պիտի բացառապես բուհի խնդիրներով զբաղվի», - ասել է կրթության եւ գիտության նախարարը: