Երկու ամիս առաջ մահացած ծննդկանի` 26-ամյա Արաքսյա Դանիելյանի որդին, որ կեսարյան հատումով լույս աշխարհ էր եկել, արդեն տանն է:
Երեխայի հայրը` Արցախ Քոչարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխային հիվանդանոցից դուրս են գրել 3 օր առաջ:
Նշենք, որ երեխայի մոտ որոշ ժամանակ առաջ առողջական խնդիրներ էին առաջացել, նրան վիրահատել էին: Նա որոշ ժամանակ դեռ կմնա բժիշկների հսկողության տան:
Հիշեցնենք, որ փոքրիկը լույս աշխարհ էր եկել դեկտեմբերի 31-ին կեսարյան հատումով: Արաքսյան մահանալուց առաջ ամուսնուն խնդրել էր որդուն իր հոր անունով` Ռուբեն կոչել:
26–ամյա Արաքսյա Դանիելյանը մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հունվարի 13-ին: Նա Արմավիր քաղաքից էր, դեկտեմբերի 26-ին ընդունվել է Արմավիրի բժշկական կենտրոն, 3 օր անց տեղափոխվել Երեւան: Նրա ամուսնու՝ Արցախ Քոչարյանի պնդմամբ՝ Արմավիրի բժշկական կենտրոնի բժիշկ-թերապեւտ Անդրանիկ Պապոյանը մի քանի օր շարունակ ստուգել է կնոջ թոքերը ու հավատացրել, որ ամեն ինչ կարգին է, մինչդեռ 3 օր անց, երբ իրենց պահանջով ռենտգեն հետազոտության է ենթարկել կնոջը, թոքաբորբ է ախտորոշել ու կնոջ բուժումը ուշացել է: Անդրանիկ Պապոյանը հերքում է մեղադրանքը, պնդում, որ ինքը նշանակել է ռենտգեն հետազոտություն, որը, սակայն, չի արվել ոչ իր մեղքով:
Նշենք, որ ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1 չէր հայտնաբերվել:






























